Կառավարությունը կտրուկ կրճատելու է Հայաստանում պոլիէթիլենային տոպրակների օգտագործման ծավալները

Հայաստանի Հանրապետությունում նախատեսվում է 2022 թվականի հունվարի մեկից արգելել առևտրի օբյեկտներում ու առևտրի իրականացման վայրերում վաճառողի կողմից թաղանթի մինչև հիսուն միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի ու տոպրակների վաճառքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, «Առևտրի և ծառայությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը կքննարկվի կառավարության հունվարի քսաներեքի նիստում:

Հիմնավորման համաձայն՝ հիմք ընդունելով «Նորմատիվ ակտերի մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-180) երեսուներեքերորդ հոդվածի երրորդ մասը՝ նախատեսվում է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում սահմանել «կշռափաթեթավորում» հասկացությունը, ավելացնել նոր դրույթ, որով 2022 թվականի հունվարի մեկից կարգելվի առևտրի օբյեկտներում ու առևտրի իրականացման վայրերում վաճառողի կողմից թաղանթի մինչև հիսուն միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի ու տոպրակների (բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի և երկրորդային հումքից արտադրված պարկերի ու տոպրակների) վաճառքը (իրացնելը)։

Ակնկալվում է, որ խուսափելով պոլիմերային հիմքով մեծաքանակ ապրանքների անհարկի թանկացումից՝ նպաստավոր պայմաններ կստեղծվեն երկրում պլաստիկ թափոնների ծավալների կրճատման համար, մասնավորապես, ակնկալվում է պոլիէթիլենային տոպրակների օգտագործման ծավալների կտրուկ կրճատում, ինչը կհանգեցնի շրջակա միջավայրի և դրա բաղադրիչների աղտոտման նվազեցմանը, հանրապետության էկոլոգիական վիճակի բարելավմանը։

«Հայաստանի Հանրապետությունում փաթեթավորման համար պլաստմասսայե արտադրատեսակների արտադրությամբ զբաղվող գործող իրավաբանական և ֆիզիկական անձիք քառասունչորսն են, որոնցից քսանիննի արտադրական կարողություններն են ամբողջությամբ ուղղված թիրախային խմբի ապրանքների արտադրությանը։ Ըստ ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքների՝ հանրապետությունում տարեկան արտադրվում է մոտ տասներկու հազար տ․ պոլիէթիլենային փաթեթ։

Հանրապետությունում առկա մոտ մեկ մլն տնային տնտեսությունների կողմից օրական սպառվում է առնվազն մեկից երկու պոլիէթիլենային տոպրակ՝ տարեկան մոտ 3600-4000 տոննա պոլիէթիլենային տոպրակի արտադրություն, որը կազմում է հանրապետությունում տարեկան կտրվածքով արտադրված պոլիէթիլենային պարկերի և տոպրակների մոտ 30 %-ը: Նշված թիրախային քանակությունը հնարավոր է փոխարինել այլընտրանքային արտադրանքով։

Ելնելով վերոգրյալից գումարային առումով ոլորտի տնտեսավորողների մոտ կառաջանա արտադրության ծավալների մոտ երեսուն տոկոս կրճատում։

Հաշվի առնելով այն փաստը, որ արգելքի կիրառման սկիզբը նախատեսված է երկու տարի հետո, թիրախային ոլորտի արտադրողներին հնարավորություն է տրվում՝ հումքի ու արտադրանքի պաշարների սպառման, վերապրոֆիլավորելու, հումքի փոփոխության (կենսաքայքայվող հումքով փոխարինելով) հնարավորինս արդյունավետ կազմակերպում։

Նախագծի ընդունումից հետո արդյունավետ վերահսկողություն ապահովելու նպատակով կառաջանա տեղական ինքնակառավարման մարմինների կողմից համապատասխան գործիքների (միկրոմետրների) ձեռքբերման անհրաժեշտություն, ինչը, սակայն համայնքային բյուջեների ծախսային մասի կարևոր ավելացում չի ենթադրում։

Նախագծի ընդունումը կբերի սպառողների վարքագծի փոփոխության՝ մասնավորապես առևտրի օբյեկտներում ու առևտրի իրականացման վայրերում այլընտրանքային (շրջակա միջավայրի և մարդու առողջության պահպանման տեսանկյունից անվտանգ), բազմակի օգտագործման պարկերի և տոպրակների օգտագործման մշակույթի ձևավորմանը/վերականգնմանը:

Հարկ է նշել նաև Շրջակա միջավայրի նախարարության կողմից զուգահեռաբար տարվում են նաև ուրիշ աշխատանքներ՝ պլաստիկ թափոնների կառավարման ոլորտի զարգացման ուղղությամբ, այդ թվում նաև այլընտրանքային հումքի օգտագործման խթանման նպատակով»,- գրված է փաստարկման մեջ։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *