Մենք չենք քննադատում, մենք ասում ենք՝ փողը տալիս ենք, կովը տալիս ենք, կերը տալիս ենք. Նիկոլ Փաշինյան

Մենք գիտենք, որ կաթը պետք է կթենք ձեռքով, ալյումինի դույլերով, ռեզինե սապոգներով, ու այդ կաթի մեջ պետք է անպայման գոմաղբի որոշակի պարունակություն լինի: Այս մասին այսօր Ազգային ժողովի եւ կառավարության հարց եւ պատասխանի ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա պնդմամբ՝ այսօր Հայաստանի Հանրապետությունում կան ընկերություններ, որոնք հոլանդական ընկերությունների հետ համատեղ արտադրում են հոլանդական տեխնոլոգիայով պանիր ու արտահանում են բազմաթիվ երկրներ. դա բարձր մակարդակի արտադրություն է:

«Այդ պանիրն արտադրելու համար նրանք Հայաստան են ներկրում հատուկ այդ արտադրության համար արտադրված կաթի փոշի, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող կաթը չի համապատասխանում այն չափանիշներին, որն անհրաժեշտ է այդ բարձրորակ արտադրանքը ստանալու համար: Ընդ որում, Հայաստանում գործող գործարանները պատրաստ են ստանդարտներին համապատասխանող կաթը մթերել հարյուր իննսուն եւ ավելի դրամով»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ եթե մենք ուզում ենք բարեկեցություն ստեղծել, պետք է մեր նշաձողերը բարձրացնենք:

«Անցած տարի ես հայտարարել եմ խելացի անասնագոմերի ծրագիրը. մենք գյուղացիների համար կազմակերպում ենք ուսումնառություն, տալիս ենք ստանդարտները, սահմանամերձ գյուղերում տալիս ենք 0% վարկ: Ասում ենք՝ այդ խելացի անասնագոմերը ստեղծեք ու կաթ մթերելու խնդիր չեք ունենա: Եթե դուք վարկ չեք ուզում, իրարից պարտք արեք, մենք ձեր ծախսած փողի հիսուն տոկոսը կվերադարձնենք, սահմանամերձ գյուղերում՝ յոթանասուն տոկոսը: Գլխաքանակի համար նույնպես 0% վարկ ենք տալիս:

Սոցիալապես անապահով հազար ընտանիքի համար կովն էլ ենք առնում, կերն էլ ենք առնում, մասնագետին էլ ենք տալիս, ամիսն էլ քսանհինգ հազար դրամ փող ենք տալիս»,- ասաց վարչապետը՝ նկատելով, որ, միեւնույն է, շատերը ամեն անգամ սկսում են լացել:

Փաշինյանի պնդմամբ՝ այսօր խանութների ոչ բոլոր թթվասերներն են կաթնամթերք: «Մի մասը սոյայի յուղով է, մի մասը չգիտեմ՝ ինչի յուղով է: Մենք չենք կարող այդ տնտեսվարողներին արգելել այդպիսի թթվասեր ունենալ խանութներում, որովհետեւ դա համապատասխանում է մեր ստանդարտներին»,- ասաց նա:

«Ինձ ասում են, որ այնտեղ գրված է պարունակությունը: Բայց ես ասում եմ, որ երբ մարդը աշխատանքից գնում է տուն, եւ կինը կամ ամուսինը զանգում ասում են՝ թթվասեր բեր, մարդը հետը խոշորացույց չպիտի ունենա, որ նայի, թե թթվասերն ինչ բաղադրություն ունի: Հետեւաբար ես տվել եմ հանձնարարություն՝ ստեղծվի ստանդարտ, որ կաթնամթերքը տարանջատվի՝ ըստ գույների:

Այսինքն՝ այն թթվասերը, որ բնական կաթից է, պետք է լինի սպիտակ գույնի տուփով, եթե պարունակում է երեսուն տոկոս բուսայուղեր, պետք է լինի մեկ այլ գույնի»,- ասաց Փաշինյանը: Նրա պնդմամբ՝ սա կբերի նրան, որ բնական կաթի պահանջարկը կմեծանա:

«Վերադառնալով լացելու թեմային՝ մի դեպք եմ ուզում պատմել: Երբ այս տարվա սեպտեմբերին Գյումրիում «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունն էր, ամենավերջում, երբ ողջ հերոսներին հրավիրեցինք, նրանցից մեկն ասաց, թե ուզում է մեկ բան ասել: Բարձրախոսը փոխանցեցի, ասաց՝ ամենամեծ հերոսը մեր գյուղացին է՝ ճաքած ձեռքերով եւ այլն, եւ այլն:

Ես հետո միջանցքում նրան տեսա, ասացի՝ գիտե՞ք, ամենամեծ խնդիրն այն է, որ մեզ համար գյուղացին պետք է լինի ճաքած ձեռքերով, տանջված, ցնցոտիներով, ո՛չ, պետք է այդ ստանդարտներից դուրս գալ, կներեք, թրիքոտ, կաթով հնարավոր չի բարեկեցություն ստանալ: Մենք չենք քննադատում, մենք ասում ենք՝ փողը տալիս ենք, կովը տալիս ենք, կերը տալիս ենք, անասնապահին տալիս ենք, եկեք իրար հետ աշխատենք, այդ ստանդարտը բարձրացնենք, էլ ի՞նչ անենք»,- ավարտեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *