Շատ դժվար է հիմնավորել, որ Ամանորին 271 մլն դրամ ծախսելու արդյունքում է 9.3 մլրդ դրամով շրջանառությունն աճել. սա միայն զբոսաշրջության էֆեկտով առաջացող աճը չէ. Թադևոս Ավետիսյան

Շատ դժվար է գործնականում հիմնավորել, որ Ամանորին ծախսված երկու հարյուր յոթանասունմեկ միլիոն դրամի ծախսն է հիմնական այն գործոնը, որ այդ օրերի ընթացքում մոտ ինը մլրդ դրամով շրջանառությունն աճել է Հայաստանում, այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօրվա ուղիղ եթերին հնչեցրած հայտարարությանը:
«Որքան հնարավոր է կապել այս 2 իրար հետ, նույնչափ հնարավոր է հիմնավորել, որ դրանք իրար հետ կապ չունեն ուղղակի»,- նշեց տնտեսագետը:

Թադևոս Ավետիսյանի խոսքով՝ ոչ միայն 2019 թ., այլև 2018 և 2017 թթ. նույնպես զբոսաշրջությունն աճել է՝ լրացնելով շրջանառությունը. «Բայց այդ ինը մլրդ դրամի մեջ միայն զբոսաշրջության էֆեկտով առաջացող շրջանառության աճը չէ: Ի վերջո, մենք ունեցել ենք նաև ուրիշ ոլորտներում շրջանառության ծավալների մեծացում ու նաև դրանք կարող էին բերել այդ աճին»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում՝ անդրադառնալով Երևանում Ամանորի տոնակատարությունների համար տրամադրված 271 միլիոն դրամին, հայտարարել էր, որ 2019 թ. դեկտեմբերի քսանվեցից 2020թ. հունվարի վեցն ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ինը միլիարդ 307 միլիոն դրամի հավելյալ շրջանառություն է կատարվել Հայաստանում. «Ես ուզում եմ խոսել այն քաղաքացիների հետ, որոնք դեռ կասկածում էին, որ արդյոք արժե՞ր Ամանորին այդքան գումար վատնել:

Այս տվյալները տեսնելով՝ մենք հաջորդ տարի ավելի մասշտաբային պետական ծախսեր պետք է անենք Ամանորին»,- ասել էր նա:
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգողը կարևորում է պետության մասնակցության զարգացումը տնտեսության զարգացման՝ հատկապես ներառականության ապահովման տեսանկյունից, բայց, ըստ նրա, դա չպետք է լինի ընդհատուն, ժամանակային ինչ-որ քայլերով:

«Պետությունը պետք է կայուն ծրագրեր իրականացնի՝ իր մասնակցությունը բերելով, և ոչ միայն զբոսաշրջության ոլորտում: Ներառական զարգացման տեսանկյունից ավելի կարևոր էին աշխատատար այլ ճյուղեր ևս՝ սկսած տեքստիլ արդյունաբերությունից, սննդի արդյունաբերությունից վերջացրած ուրիշներով: Պետությունն այստեղ էլ իր ծրագրային մասնակցությունը պետք է ունենա, բայց սրա մասին միայն լսում ենք և կոնկրետ հարցեր չկան»,- նկատեց նա:

Տնտեսագետը նաև լրացուցիչ ստեղծվող արդյունքի բաշխման հարց է տեսնում: Նրա կարծիքով՝ այստեղ պետությունը պետք է ունենա հստակ դերակատարում, որ արդյունքը հնարավորինս շատ ուղղվի առաջնահերթ շահառուներին:
«Երբ ներառականությունից ենք խոսում ու ընդամենը մեջբերում ենք 1 թիվ, որ շրջանառության աճը ինը մլրդ դրամով ավելացել է, սա անհրաժեշտ պայման է, բայց ոչ բավարար, որովհետև հարց է առաջանում՝ այդ 9 մլրդ դրամը որտե՞ղ է ծախսվել:

Եթե այդ 9 մլրդ դրամը մի քանի ոլորտի տնտեսվարողների մոտ է ավելացել, օրինակ՝ հյուրանոցներ ու ռեստորանային ծառայություններ մատուցողներ, դա չի նշանակում, որ մենք ապահովել ենք ներառականություն:

Ես չլսեցի թիվ, թե այդ ինը մլրդ դրամից որ մասն է բաժին ընկել փոքր բիզնեսին, որ մասը՝ մեծ բիզնեսին և քանի հիմնական ճյուղերում են գրանցվել և այլն»,- ասաց Թադևոս Ավետիսյանը:
Նրա կարծիքով՝ ընդհանրապես, Կառավարության քաղաքականության մեջ հստակ չեն ուրվագծվում ներառական զարգացման առաջնահերթությունները և չեն լուծվում սոցիալական հարցերը։

«Այպիսի կոսմետիկ, դրվագային, ականջահաճո արդյունքներով չեն կարող լուծվել աղքատության, գործազրկության և արտագաղթի հարցերը: Արդեն օրեցօր ավելի պարզ է դառնում, որ ոչ թե հիմնարար բարեփոխումների որդեգրում կա, այլ ավելի շատ ցույց տալու, արդարանալու, ինչ-որ տեղ նաև մանիպուլյացիաներով պատկերներ ու սպասումներ առաջացնելու:

Սա եթե նույնիսկ կարճաժամկետ հատվածում իշխող քաղաքական ուժի համար ինչ-որ խնդիր լուծի, ապա երկարաժամկետում ակնհայտ է, որ եղած պրոբլեմները չեն լուծվելու: Քսանհինգ տոկոս աղքատության մակարդակ ունեցող երկրում, աշխատողների 20-25 տոկոսը աղքատներ են։ Մենք պարտադրված են բարեփոխումներն իրականացնել ողջ ուղղություններով»,- ասաց տնտեսագետը:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *