Բուլղարիան որպես անցանկալի անձ (պերսոնա նոն-գրատա) է հայտարարել երկու ռուս դիվանագետի: Երկրի իշխանությունը որոշել է արտաքսել նրանց երկրից, քանի որ վերջիններիս մեղադրում են լրտեսության մեջ:
Լրտեսության մասին իր կասկածները բուլղարական Արտաքին գործերի նախարարությանն է փոխանցել երկրի գլխավոր դատախազությունը:
«Աշխատակիցները կլքեն կեցության երկիրը՝ նշված ժամկետներում»,-ասված է Բուլղարիայում Ռուսաստանի Դաշնության դեսպանության հայտարարության մեջ:
Միաժամանակ, դեսպանատունը հայտնում է, որ իրենք չեն ստացել որեւէ ապացույց այն մասին, որ արտաքսվող աշխատակիցները զբաղվել են իրենց դիվանագիտության առաքելության հետ անհամապատասխան գործունեությամբ: Հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ ռուսական կողմը պատասխան քայլեր է ձեռնարկելու:
BBC-ի ռուսական ծառայությունը հայտնում է, որ մեղադրվող դիվանագետների անունները հայտարարության մեջ չեն նշվել: Բուլղարիայի գլխավոր դատախազության տվյալներով, նրանցից մեկը լրտեսությամբ է զբաղվել 2017 թվականից մինչ այսօր, իսկ մյուսը՝ 2018-ից:
Մեղադրանքի համաձայն, առաջին դիվանագետը տվյալներ է հավաքել երկրում անցկացվող ընտրական մեխանիզմների, ընտրությունների հետ կապված գործընթացների մասին: Բուլղարիայի դատախազության հայտարարության մեջ, հիշյալ անձի մասին նշվում է.
«Հաստատվել է, որ երկու հազար տասնյոթ թվականից լրտեսության մեջ մեղադրվող անձը ունի դիվանագետի կարգավիճակ, նա հավատարմագրված է Բուլղարիայում՝ որպես Սոֆիայում Ռուսաստանի Դաշնության դեսպանության ներկայացուցչության բաժնի 1-ին քարտուղար»:
Բուլղարիայում ՌԴ դեսպանության կայքում տեղ գտած տեղեկատվության համաձայն, նման պաշտոն է զբաղեցնում 9 մարդ:
Մյուս մեղադրվող դիվանագետը, ինչպես հայտնում է դատախազությունը, հավաքել է պետական wւ ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններ էներգետիկ ոլորտում պայմանավորվածությունների wւ էներգետիկ անվտանգության մասին: Արդյունքները նա ուղարկել է Մոսկվայում տեղակայված ռուսական հետախուզության շտաբ-բնակարան, հայտարարել է դատախազությունը:
2-րդ կասկածյալը եւս ունի դիվանագիտական անձեռնմխելիություն, քանի որ հանդիսանում է Սոֆիայում Ռուսաստանի Դաշնության առեւտրային ներկայացուցիչ:
Դատախազությունից նաեւ հստակեցրել են, որ կա հարուցված գործ, սակայն քրեական հետապնդումը հիշյալ մարդկանց նկատմամաբ հնարավոր չէ՝ դիվանագիտական անձեռնմխելիության փաստը հաշվի առնելով: Գործի շրջանակում մինչդատավարական քննություն է կատարվում:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը այսօր, հունվարի քսանչորսին, լրագրողների հետ զրույցում ասել է, որ նման հետաքննության մասին իրենք տեղեկություններ չունեն:
Պարզվում է, մի քանի օր առաջ եւս 1 ռուս դիվանագետի արտաքսման մասին է հայտնի դարձել: Sega պարբերականը գրում է, որ ավելի ուշ պարզվել է,որ տեղեկությունը սխալ է, խոսքը հենց վերը նշված երկու դիվանագետներից մեկի մասին է եղել, որի արտաքսումը դեռ կազմակերպման փուլում է:
Բուլղարիայի ազգային անվտանգության ծառայության պետական գործակալությունը հայտնել է, որ երեք ամսում սա արդեն ռուս դիվանագետների կողմից լրտեսության 3-րդ դեպքն է: Երեք ամիս առաջ լրտեսության մեջ մեղադրվել է դարձյալ Սոֆիայում տեղակայված դեսպանության առաջին քարտուղարներից մեկ ուրիշը: Այն ժամանակ ՌԴ-ն չէր ընդունել մեղադրանքները եւ որպես պատասխան Ռուսաստանից արտաքսել էր մեկ բուլղարացի դիվանագետի: