Թավիշը բարդակի է բերել․ Ռադիկալ ուժ է պետք, որ գողականներին ու դոդիկներին մաքրի․ «Յոժ»

Ազգային ժողովում Բարգավաճ Հայաստան կուսակցության պատգամավորի մասնակցությամբ միջադեպը լայն հանրային քննարկման արժանացավ: Թեև առաջին անգամ չէ, որ Ազգային ժողովում ականատես ենք լինում նման գործելաոճի ու խոսելաոճի, սակայն խնդիրն այն է, թե ինչու քաղաքական դաշտն իր հետ չբերեց նոր մշակույթ, քննարկումների ու բանավեճերի նոր որակ:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում դերասան, քաղաքական սատիրիկ Սերգեյ Դանիելյանը նշեց. «Քաղաքական դաշտը չձևավորվեց մինչև վերջ: Մենք գիտենք, թե ԲՀԿ-ն ինչպես անցավ ԱԺ, ուրիշ ելք չկար, որ չանցներ, բայց դա, կարծում եմ, ժամանակի հարց է, մյուս ընտրություններին ժողովուրդը պետք է հասկանա, թե ինչ է ուզում:

Ասենք, եթե գողական պետություն է ուզում, պետք է ընտրի հին որևէ կուսակցության, ընդ որում՝ նաև ԲՀԿ-ին: Եթե շատ ավելի կիրթ պետություն է ուզում, պետք է ընտրի նոր կուսակցություններից որևէ մեկին, տեխնոկրատ պետություն է ուզում, պետք է ընտրի տեխնոկրատ մարդկանց:

Այսինքն՝ նալն էլ է մեր ձեռքին, մեխն էլ, այս հեղափոխության ամենալավ արդյունքն այն է, որ մենք արդեն կարող ենք ազատ ընտրել, ես գիտեմ՝ ում է ընտրելու հետո՝ ավելի ռադիկալ որևէ կուսակցության, որը կկարողանա դաշտը մաքրել և՛ գողականներից ու հիմարներից, որոնք վախենում են մի բան անեն, ամեն ինչն օրենքով են ցանկանում կատարել»:

Սերգեյ Դանիելյանի դիտարկմամբ՝ թավշյա մեթոդներն իրենց սպառել են արդեն. «Մենք դա տեսնում ենք՝ դիրքավորվել են, առիթավորվել են, ամեն վայրկյան մանիպուլյացիաներ ենք տեսնում, թացը չորի հետ խառնվում է, բարդակ է ստեղծվում երկրում:

Ինչն ուզում են, որ լավը լինի, ստացվում է ավելի վատ, քանի որ ամեն ինչ իր տեղում չէ, մանավանդ որ հասարակությունը պատրաստ չէ փոխվելու, դրա համար էլ այդ ողջ խնդիրները կան…

Հասարակությունը մերժեց Սերժ Սարգսյանին, բայց պատրաստ չէ ինքը փոխվելու. սովոր է ապրել չգրված օրենքներով, գողական բարքերով… Չենք կարող միանգամից թռիչքային կերպով փոխվել, դրա համար ժամանակ է պետք, փուլեր պետք է անցնենք»:

«Մեր Ազգային ժողովը առ այսօր ծուռ է՝ մի մասը մեծամասնություն է, մյուս մասը՝ կիսագողական փոքրամասնություն»,- նշեց դերասանը՝ հավելելով նաև, որ քաղաքական գործիչները պետք է ստեղծագործող միտք ունենան:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *