Ոստիկանության բարեփոխումների կարևորագույն նպատակը ոստիկանություն-քաղաքացի նոր հարաբերությունների հաստատումն է. վարչապետ

Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ ոստիկանության բարեփոխումների օրակարգը ու տեսլականը:

Բացելով խորհրդակցությունը՝ վարչապետ Փաշինյանը թեմայի առնչությամբ նշել է. «Ընդհանրապես ոստիկանության բարեփոխումները մեր կառավարության ձևավորման 1-ին օրից եղել են մեր օրակարգում ու դա, մտածում եմ, մեր ընթացիկ կարևորագույն հարցերից է:

Պետք է արձանագրել, որ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո ոստիկանությունն ընդհանուր առմամբ կատարել է իր առջև դրված հարցերը և շարունակում է կատարել իր առջև դրված խնդիրները, բայց մենք բոլորս արձանագրում ենք, որ քաղաքական և հանրային նոր իրողությունների պայմաններում մեզ անհրաժեշտ է նոր ոստիկանություն՝ բառի բովանդակային իմաստով:

Ընդհանուր առմամբ մեր այս գործընթացի կարևորագույն նպատակը պետք է լինի ոստիկանություն-քաղաքացի նոր հարաբերությունների հաստատումը»:

Այս ընթացքում բազմաթիվ քննարկումներ են ունեցել, բազմաթիվ մոդելներ դիտարկել, սակայն ընդհանուր առմամբ, ըստ վարչապետի, եզրակացությունը հետևյալն է, որ ինչպես ոստիկանության, այնպես էլ մյուս դեպքերում պետք է ձեռնպահ մնալ հատվածական քայլերից, ողջ քայլերը պետք է լինեն ռազմավարական բնույթի:

«Ի՞նչ նկատի ունեմ ռազմավարական փոփոխություններ ասելով. ցանկացած ոլորտում, երբ մենք որևէ փոփոխություն անում ենք, պետք է նկատի ունենանք , որ այդ փոփոխությունը, նույնիսկ ամենափոքր, ունի փոխազդեցությունների որոշակի ոլորտ: Եվ փոփոխությունները քննարկելիս պետք է դիտարկել ոչ թե իրեն հենց իր կետում, այլ հնարավոր փոխազդեցությունների դաշտը, գնահատել այդ փոխազդեցությունների դաշտում տեղի ունեցող փոփոխությունները ու դրանից հետո միայն կայացնել համապատասխան որոշումներ:

Եվ այս առումով կարծում եմ և հուսով եմ, որ ոստիկանության բարեփոխումները կլինեն մեր ամենահաջողված օրինակներից մեկը»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ոստիկանությունում բարեփոխումների հիմնական ուղղություններին, ռազմավարության մշակման աշխատանքների ընթացքին և իրականացմանը վերաբերող խնդիրներ: Քննարկումը ծավալվել է, մասնավորապես, ոստիկանության կառուցվածքային փոփոխությունների, կադրային քաղաքականության նոր բովանդակության, տեխնիկական վերազինման, կրթական նոր ծրագրերի ներդրման, մասնագիտական պատրաստվածության, գիտելիքների և հմտությունների անհրաժեշտ պաշարի ձևավորման, ինչպես նաև մի շարք այլ ուղղություններով անելիքների շուրջ:

Անդրադարձ է եղել նաև այդ շրջանակում միջազգային համագործակցությանը: Վարչապետը հանձնարարել է պատասխանատուներին՝ քիչ ժամկետում ավարտին հասցնել բարեփոխումների ռազմավարության մշակումը ու ներկայացնել քննարկման:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *