Իմ կոստյումը գիտե՞ք ինչով է տարբերվում Սերժ Սարգսյանի կոստյումից․ Նիկոլ Փաշինյան

«Իմ կոստյումը գիտե՞ք, թե ինչով է տարբերվում Սերժ Սարգսյանի կոստյումից, որ իմ գրպաններում միլիոններ չկան, որոնք ես կարող եմ օգտագործել ընտրակեղծարարների խմբերի, պաշտոններ առնել-ծախելու, մարդկանց վախեցնելու վրա։

Իմ գրպաններում քսանից քսահնինգ լրատվամիջոցներ չկան, այդ լրատվամիջոցները ինչպես եղել, այնպես էլ շարունակում են հաջողությամբ մնալ նախկին ռեժիմի գրպաններում»․ կապանում շարունակվող ասուլիսի ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսկերպ պատասխանեց պատկերավոր ասված՝ Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյումի մասին լրագրողներից մեկի հարցին։

Շարունակելով իր խոսքը՝ Փաշինյանը նկատեց, որ ինքը հիմա ապրում է այն տանը, որտեղ ժամանակին ապրել է Սերժ Սարգսյանը, բայց այն վերանորոգել է՝ սեւը դարձնելով սպիտակ։ Նույնը, ըստ վարչապետի՝ տեղի է ունենում պետական կառավարման համակարգի հետ։

Ասելով սուպերվարչապետական համակարգի մասին՝ Փաշինյանը հիշեցրեց նախկինում իր արտահայտած խոսքերից մեկը, որ ժողովրդավարության պարագայում սուպերվարչապետական համակարգ գոյություն ունենալ չի կարող, որովհետև այդ պարագայում ժողովուրդն է որոշում, թե ով է իշխանությունը։ Այսպիսով՝ Փաշինյանը հստակ արձանագրեց նաեւ, որ առաջիկա սահմանադրական փոփոխություններով պետական կառավարման համակարգի փոփոխություն խորհրդարանականից դեպի կիսանախագահական տեղի չի ունենալու։

Սահմանադրական փոփոխությունների նպատակը, ինչպես ընդգծեց նա՝ դատաիրավական համակարգի փոփոխություններին է միտված։ Չնայած դրան, ըստ վարչապետի, կարող են լինել նաեւ որոշ ընթացակարգային բարեփոխումներ։

Հարցին, թե արդյոք նպատակ կա ազատվել ՍԴ-ի գործող կազմից ու նախագահ Հրայր Թովմասյանից՝ Փաշինյանն այսպես պատասխանեց․

«Ես ոչ մեկից ոչ ուզում եմ ազատվել, ոչ էլ չեմ ուզում ազատվել։ Ես ուզում եմ, որ ՀՀ-ն ազատվի կոռումպացված համակարգի ողջ մնացորդներից, ՀՀ-ում լինի իրապես անկախ դատական համակարգ ու ոչ թե այնպիսի դատական համակարգ, որը կօգտվի առիթից, որ գործող վարչապետը կամ կառավարությունը իրենց հարկադրանքի չեն ենթարկում, ու կգնան իրենց համար ուրիշ հարկադրողներ եւ թելադրողներ գտնելու»։

Չնայած սրան, ըստ Փաշինյանի, Հայաստանի Հանրապետության դատական համակարգը ցույց է տալիս, որ ինքը կարող է եւ անցնում է առողջացման ճանապարհը ու ՀՀ դատական համակարգում, ներառյալ ՍԴ-ում, կան բազում դատավորներ, որոնք չեն ներքաշվել խարդավանքների ու սեփական ժողովրդի ու երկրի դեմ պատերազմելու ոմանց օրակարգի մեջ։

Փաշինյանն անդրադարձավ նաեւ իրավապահ համակարգին տրվող հանձնարարականների մասին հարցին․ ասաց, որ ՀՀ ամենատարբեր ոլորտների իրավական անվտանգությունը ապահովելու համար հանձնարարականներ կարող են լինել։

Մասնավորապես, ինչպես նշեց վարչապետը, կարող է լինել, օրինակ, բարձրաստիճան պաշտոնյաների կոռուպցիայի հետ կապված ինֆորմացիա ու այդ կապակցությամբ հանձնարարական լինի։

«Մեր կուսակցության անդամի հետ կապված եկել է ինֆորմացիա եւ այդ ինֆորմացիայով պետք է զբաղվեն համապատասխան մարմինները։ Իմ հարազատ մարդու հետ կապված է եկել ինֆորմացիա, դրանով զբաղվել են իրավապահ մարմինները, քրգործ են հարուցել, նախաքննությունը ավարտել են, գործն ուղարկել են դատարան, դատարանը կայացրել է մեղադրական դատավճիռ։ Եթե ինձ հետ արյունակցական կապ ունեցող մարդու հետ է տեղի ունենում այս գործընթացը, մյուս դեպքերում ինչո՞ւ պետք է չարվի․․․Հիմա էլ հակառակը, մեզ մեղադրում են, թե ինչու Գեորգի Կուտոյանին չէինք հետեւում, ինչու իր տանը օպերատիվ-հետախուզական գործողություն չենք անում։ Աբսուրդը հասել է այնտեղ, որ սրանում են մեզ մեղադրում»,- ասաց Փաշինյանը։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *