Եվրոպահայերն արձագանքել են հանրաքվեին մասնակցելու վարչապետի կոչին

Ավելի քան մեկ տասնյակ եվրոպահայեր արձագանքել են սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու նպատակով Հայաստան այցի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավեր-կոչին: Գերմանահայ Ալբերտ Թովմասյանը 1lurer.am-ին հետ զրույցում նշել է, որ պատրաստ են հանրաքվեի նախօրեին՝ ապրիլի 3-4-ը, լինել Երևանում:

«Իմ նախաձեռնությամբ բազմաթիվ գերմանահայեր ու ֆրանսահայեր, ընդհանուր՝ 17 հոգի, պատրաստակամություն են հայտնել այդ օրը լինել հայրենիքում: Մենք աջակցել ենք 2018 թվականի թավշյա, ոչ բռնի հեղափոխությանը, այդ օրերին եղել ենք Հայաստանում, հիմա էլ մեր աջակցությունն ենք հայտնում ՀՀ կառավարությանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կյանքի կոչելու նախաձեռնած բոլոր բարեփոխումները»,- ասել է Ալբերտ Թովմասյանը:

Ի դեպ, գերմանահայ Ալբերտ Թովմասյանը 2018 թվականի սեպտեմբերին ևս մասնակցել է Երևանի ավագանու ընտրությանը: Նրա ընտանիքը Գերմանիայի Ստորին Սաքսոնիա երկրամասի Լեեր քաղաքի միակ հայ ընտանիքն է: Թովմասյանների ընտանիքի նախաձեռնությամբ, ի հեճուկս թուրքական ճնշումների, Լեեր քաղաքի «Ինզելգարթեն» պուրակում 2015-ին տեղադրվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքար, ինչպես նաև հայ-գերմանական բարեկամությունը խորհրդանշող նստարաններ:

«Հայաստանի զարգացման անիվի պտույտն արդեն սկսված է, այն որևէ կերպ չի կարելի կանգնեցնել»,- ասել է Ալբերտ Թովմասյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչու են որոշել մասնակցել ապրիլին Հայաստանում սպասվող հանրաքվեին:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *