Երկիրը ցնցված է․․․ Քոչարյանն ու Սարգսյանն ամենևին էլ օրիգինալ չեն, Բայց․․․

Փետրվարի 25-ին Հայաստանում ուշագրավ իրադարձություն է տեղի ունենալու։ Այդ օրը մեկնարկելու է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դատավարությունը և նույնպես նշանակված է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատաքննության հերթական նիստը։ Հայաստանի հասարակությունը հեղափոխությունից այնուհետև արդեն վարժվել է այն իրողությանը, որ պատասխանատվության կարող է կանչվել անգամ նախկին նախագահը և նրան չի կարող փրկել ոչ մի անձեռնմխելիություն։ Այժմ, ըստ էության, նոր իրավիճակ է ստեղծվում, քանի որ ամբաստանյալի կարգավիճակում է հայտնվում մեկ այլ նախագահ։ Չնայած՝ եթե անկեղծ լինենք, ապա հասարակության մեծամասնությունը նույն հարթության վրա է դնում Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին՝ նրանց ամբողջացնելով քրեօլիգարխիկ նախկին համակարգում կամ՝ այսպես կոչված, «ղարաբաղյան» կլանում։

Բայց Հայաստանն ամենևին էլ եզակի երկիրը չէ, որտեղ նախագահներ են դատում, ընդ որում՝ կան երկրներ, որտեղ ամբաստանյալի կարգավիճակ են ունեցել որոշ նախագահներ։

Անցած տարվա մարտին Բրազիլիայի դաշնային ոստիկանությունը կոռուպցիոն մեղադրանքներով ձերբակալել է երկրի նախկին նախագահ Միշել Տեմերին, որն ավելի ուշ ազատ է արձակվել՝ չբացակայելու ստորագրություն տալով։ Անշուշտ, Տեմերի դիվանագիտական անձնանգիրն առ ոչինչ է ճանաչվել ու կալանքի տակ է առնվել նրա ամբողջ ունեցվածքը ու այդ սահմանափակումները հաստատապես կշարունակվեն մինչ դատավարությունը։ Ուշագրավ է, որ Տեմերին առաջադրված մեղադրանքները հար և նման են այն մեղադրանքերին, որոնք առաջադրված են Քոչարյանին ու Սարգսյանին։ Օրինակ՝ եթե Սարգսյանը պետության միջոցների մսխում է կատարել՝ սպասարկելով «Ֆլեշի» բիզնես շահերը, ապա Բրազիլիայի նախկին նախագահը «արտոնյալ» պայմաններ է ստեղծել Rodrimar S. A. ընկերության համար։ Տեմերը, Քոչարյանի օրինակով, մեղադրվում է կաշառք ստանալու համար․ բայց նրա ախորժակը կարծես ավելի համեստ է եղել՝ 260 հազար դոլար։

Ի դեպ, Տեմերը Բրազիլիայի երրորդ նախկին նախագահն է, որին կոռուպցիոն մեղադրանք է առաջադրվում։

Կոռուպցիոն վարակը տարածված է նույնպես եվրոպական առաջատար երկրներում։ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հոկտեմբերին կկանգնի դատարանի առջև՝ հենց կոռուպցիոն մեղադրանքերով։ Նա, ի դեպ, Ֆրնասիայի առաջին նախագահն է, որը մեղադրվում է կոռուպցիոն գործով։ Ուշագրավ է, որ 2007-2012թթ-ին երկիրը նախագահած Սարկոզին անձեռնմխելությունը կորցրել է պաշտոնավարման ավարտից անմիջապես հետո, սակայն Ֆրանսիայում որևէ մեկը սա քաղաքական հետապնդում չի համարել։

Ֆրանսիայի մեկ ուրիշ նախագահ՝ Ժակ Շիրակը 2011-ին պայմանական դատապարտվել է՝ պետական միջոցների վատնման մեղադրանքով, բայց նա չարաշահումներն արել է ոչ թե նախագահի, այլ՝ Փարիզի քաղաքապետի պաշտոնում։

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին սկզբնապես առաջադրված էր մեղադրանք պաշտոնական լիազորությունները չարաշահելու հատկանիշով։ Գուցե բանը նրա կալանավորմանը չհասներ, եթե Աթամբաևը անցյալ տարի զինված դիմադրություն ցույց չտար իրվապահ մարմիններին, ինչի հետևանքով նա ոչ միայլ կալանավորվեց, այլ նույնպես մեղադրվեց զանգվածային անկարգություններ կազմակերպելու և սպանության մեջ։

Հետխորհրդային մեկ այլ նախագահ՝ Ուկրաինան 2010-14թթ-ին ղեկավարած Վիկտոր Յանուկովիչը «գնացել» է Քոչարյանի հետքերով՝ 2014-ի ուկրաինական հեղափոխության օրերին տալով խաղաղ ցուցարարներին գնդակահարելու հրաման։ Նա հեռակա դատապարտվել է 13 տարվա ազատազրկման, սակայն կալանավորի կարգավիճակից խուսափել է՝ ճողոպրելով հայրենիքից ու «տաքուկ անկյուն» գտնելով Ռուսաստանում։ Սա նույնպես ծանոթ պատմություն է մեր ընթեցողների համար, եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ Ռուսաստանում ապաստանել են Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալներ։

Մուհամմդեդ Մուրսին Եգիպտոսի առաջին ընտրված լեգիտիմ նախագահն էր, սակայն արդարադատությունից խուսափել չկարողացավ՝ իր մահկանացուն կնքելով հենց դատարանի դահլիճում։

Եվ վերջապես՝ Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կըն Հեն երկու տարի առաջ դատապարտվեց 25 տարի ազատազրկման ու 17,8 միլիոն դոլար տուգանքի՝ կոռուպցիոն գործերով։

Քոչարյանն ու Սարգսյանն՝ այսպիսով, ամենևին էլ օրիգինալ չեն։

Տեսանյութը՝ ստորև.

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *