Մարտիրոս Վարդանով. «Հայրիկին ասացին՝ ֆիլմդ ոչ ոք չի տեսնի, ու այդպես էլ եղավ»

Վավերագրական կինոյի վարպետ, ռեժիսոր, օպերատոր, սցենարիստ Միքայել Վարդանովի՝ 1969 թ. նկարված «Հայկական հողի գույնը» հիսունմեկ տարի հետո 1-ին անգամ ներկայացվեց Հայաստանի ազգային պատկերասրահում: Ֆիլմում նկարահանվել են բազմաթիվ հայ արվեստագետներ: Խորհրդային շրջանում ստեղծված և հետագայում արգելված այս կինոժապավենը նկարիչներ Մինաս Ավետիսյանի 1-ին և Մարտիրոս Սարյանի վերջին նկարահանումն էր կինոյում:

Ֆիլմի երաժշտությունը գրել է Տիգրան Մանսուրյանը: Վարդանովի որդին՝ Լոս Անջելեսի Փարաջանով-Վարդանով ինստիտուտի տնօրեն Մարտիրոս Վարդանովը ասաց, որ ֆիլմի հետ կապված՝ հայրը ժամանակին խնդիրներ է ունեցել, որովհետև նկարել է Փարաջանովին, Մինասին, Արտո Չաքմաքչյանին, Ռոբերտ Էլիբեկյանին:

«Նրան ասացին՝ ինչո՞ւ ես այդ մոդեռնիստներին նկարում, պետք է կտրես այդ հատվածները ֆիլմից եւ նկարես այլ նկարիչների, որոնք ընդունված են ռեժիմի կողմից: Հայրս ասաց՝ ոչ, իմ ֆիլմի անունը «Հայկական հողի գույնն» է, իսկ հայոց հողի գույնը հենց Մինասն է, Փարաջանովը, Չաքմաքչյանը…Ասացին, որ այդ դեպքում ֆիլմը ոչ ոք չի տեսնի, ու այդպես էլ եղավ:

Քառասուներեք տարի հետո ֆիլմը ցուցադրվեց Բուսանի միջազգային կինոփառատոնում: Դրանից հետո Փարաջանով-Վարդանով ինստիտուտը սկսեց աշխատել Մարտին Սկորսեզեի ֆոնդի հետ՝ «Նռան գույնի» վերականգնման վրա, որն իրականացրինք 2014 թ: Ներկայումս Ֆրենսիս ֆորդ Կոպպոլայի շնորհիվ սկսել ենք վերականգնել Վարդանովի վերջին ֆիլմը՝ «Փարաջանով. վերջին գարունը»:

Ես հույս ունեմ, որ եռապատկման՝ 1-ին ֆիլմը՝ «Հայկական հողի գույնը» եւ 2-րդ ֆիլմը՝ «Մինաս.ռեքվիեմ», կվերականգնենք ու «Փարաջանով. վերջին գարուն» ֆիլմի հետ կբերենք Հայաստան: Հայրիկը՝ Միքայել Վարդանովը կուզենար, որ այդպես լիներ»:

Մարտիրոս Վարդանովը նշեց, որ հիմա ներկայացվողը ֆիլմի գրաքննված տարբերակն է, այն օրինակը, որտեղ գույները վերականգնված չեն, բայց ինքը չէր ցանկանում բաց թողել՝ ֆիլմը Հայաստանում ցույց տալու հնարավորությունը: Մինաս Ավետիսյանի որդու՝ Նարեկի համար ֆիլմը պատմական նշանակություն ունի. «Արվեստի եւ մշակույթի մեծերին այդպես ներկայացնելու նպատակով ինքդ պետք է մեծ մարդ լինես… Հայրիկի կադրերը չէի տեսել, 1-ին անգամ տեսա…»:

Նա որոշ դրվագներ հիշեց Միքայել Վարդանովից, ասաց, որ միշտ ձգտել է նման մարդկանց կողքին լինել: Հուշեր պատմեցին նաեւ Վարդանովի ընկեր, կինոգետ Սերգեյ Գալստյանը, ռեժիսոր Էդգար Բաղդասարյանը: Վերջինս ֆիլմում գտավ իր պարուհի մայրիկին: Սերգեյ Գալստյանը հիշեց, թե ինչպես էին Վարդանովի՝ Աբովյան փողոցում գտնվող փոքրիկ բնակարանի կողքով անցնելիս ձայն տալիս՝ Միշել, իսկ նա անմիջապես բոլորին ներս էր հրավիրում:

Մինաս Ավետիսյանի թոռան՝ Գայանե Ավետիսյանի համար եւս ֆիլմը հուզիչ էր, քանի որ այնտեղ աշխատել են իր երկու պապիկները՝ Մինաս Ավետիսյանը եւ Կարեն Քուրդյանը: Հիշեցնենք, որ Միքայել Վարդանովը եղել է Սերգեյ Փարաջանովի մտերիմ ընկերը, ինչի համար հետապնդվել Խորհրդային իշխանությունների կողմից: Այդ պատճառով տարիներ շարունակ Վարդանովին գիտեին միայն նրա օպերատորական աշխատանքներով:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *