Մեր գործունեությունը լոբբինգի հողի վրա շարունակվելու է նույնկերպ, ով էլ լինի իշխանության

Մեր զրուցակիցն է Բելգիայի Հայ Դատի գրասենյակի ներկայացուցիչ, Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի հանրային կապերի պատասխանատուն Հարութ Շիրինյանը

Վերջին շրջանում երիտդաշնակցականների՝ կուսակցությունից հեռացնելը ինչպե՞ս եք գնահատում։ Այլակարծության նկատմամբ անհանդուրժողականությո՞ւն կա։

Ես ներկայացնում եմ Բելգիայի Հայ դատի գրասենյակը ու չեմ ներկայացնում որևէ կուսակցական կառույց։ Այսինքն՝ մեր գրասենյակը կարող ենք համարել նաև անկուսակցական վայր, մենք աշխատում ենք հայ ժողովրդի, Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար, առհասարակ, ներքին կուսակցական խնդիրնրեով չենք զբաղվում։ Սակայն որպես երիտասարդ ես մտածում եմ, որ ՀՅԴ-ի մեջ, ընդհանրապես հայ հասարակության մեջ երիտասարդությունն արդեն իր տեղը գտել է։

Կա՞ գաղափարական բախում ՀՅԴ-ի ներսում, քանի որ նշվում է, որ դրսի եւ ներսի դաշնակցության մեջ կան տարբերություններ ու տարաձայնություններ։

Բնական է, որ սերունդների մեջ մտածելակերպի տարբերություն կա, սակայն կարծում եմ, որ ողջ դաշնակցական ուժերը, լինեն երիտասարդ, թե ավելի ավագ տարիքի, բոլորի ուղղությունը մեկն է։ Իսկ դրսի ու ներսի զանազանության վերաբերյալ անկարելի է խոսել, ոքանի որ մենք, լինելով Բելգիայի Հայ դատի գրասենյակի աշխատակազմ, ամենօրյա կապի մեջ ենք մեր Հայաստանի ընկերների հետ, միասին կատարում ենք մեր գործունեությունն ի նպաստ Հայ դատի, ի նպաստ Հայաստանի և Արցախի։

Իբրև ընդդիմությո՞ւն է ՀՅԴ-ն կարողանում լավ աշխատել, թե՞ երբ կոալիցիայի մաս էր։ Այսօր Դաշնակցությունը գործող իշխանություններին դեղին քարտ է ցույց տալիս, քննադատում է, հանրահավաք է անում, հիմա էլ կոչ է անում բոյկոտել սահմանադրական հանրաքվեն։ Նախկինում, երբ ՀՅԴ-ն կոալիցիայի մեջ էր ՀՀԿ-ի հետ, այդ ժամանակ երկրում կարևորագույն հարցեր կային, սակայն ՀՅԴ-ն այսպիսի կեցվածք չէր դրսևորում։

Կրկին նշեմ, որ ես Դաշնակցության անունից չեմ կարող պատասխանել, ուղղակի կարող եմ ասել, որ մենք որպես Հայ դատի գրասենյակ, ողջ իշխանությունների աշխատել ենք նույն ձևով։ Մենք չենք կարող զիջել մեր գագաթնային արժեքները, ով էլ լինի իշխանության, մենք պետք է աշխատենք։ Մենք ամենօրյա կապի մեջ ենք մեր դեսպանատան հետ, կապի մեջ ենք ԵՄ-ում Արցախի ներկայացուցիչների հետ։ Ինչպիսին էլ լինի Հայաստանի ներքին իրավիճակը, մենք աշխատելու ենք։

Շատ նորմալ է, որ Հայաստանում ընդդիմություն կա, այդպես էլ պետք է լինի, բայց դա մեզ ընդհանրապես չի վերաբերում։ Մեր գործունեությունը դիվանագիտության հողի վրա, լոբբինգի հողի վրա շարունակվելու է նույնկերպ, ով էլ լինի իշխանության։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *