Երկաթյա կացարանը դարձել է այգեգործի պահեստ

Գյումրիում վագոն-տնակը լքել է ևս 1 ընտանիք: Վիվա-ՄՏՍ-ը և «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» շարունակում են նպաստել այդ գործին: Երեսունհինգ տարվա մետաղյա ճնշող կացարանը ձեռք է բերել նոր նշանակություն. այգեգործությամբ զբաղվող ընտանիքի համար այն դարձել է պահեստ: Բնակարանաշինության ծրագիր իրականացնող կազմակերպությունների ղեկավարներն ու թիմերը բնակարանամուտ են նշել Եդիգարյանների հետ:

1988-ի ավերիչ երկրաշարժի հետևանքով, շատերի նման, այս ընտանիքը ևս մնացել է անօթևան։ Վագոն-տնակում երկարուձիգ տարիների կյանքը «պարտադրվել է» Եդիգարյաններին: Ընտանիքի տատը՝ Թամարան, անցել է շատ դժվարությունների միջով։ Երկրաշարժի ժամանակ կորցրել է որդիներից մեկին, իսկ երկրորդին կորցրել է Արցախյան պատերազմում։ Թամարայի 3-րդ որդին էլ առողջական պրոբլեմներ ունի։

Վագոն-տնակում տարիների բարդ ապրելուց հետո, Եդիգարյաններին հաջողվել է բնակարան գնել, բայց սոցիալական և առողջական տարբեր խնդիրների պատճառով՝ չեն կարողացել վերանորոգել այն ու կեցության պատշաճ պայմաններ ստեղծել։

2019-ին ընտանիքն ընդգրկվել է Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրում։ Մի քանի ամիս տևած շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո, ընտանիքի՝ տարիների երազանքն իրականություն է դարձել:

«Այսքան դժվարություններից և տառապանքից հետո, կարծես մի լույս բացված լինի։ Նոր հույսերով և հավատով ենք նշում մեր նոր տան բնակարանամուտը։ Շնորհակալ ենք աջակցության համար»,- ասել է Թամարան։

«Սա այն ծրագրերից է, որի արդյունքը գոհացնում է յուրաքանչյուրին. ընտանիքը հասնում է երազանքի իրականացմանը, իսկ աջակցող կազմակերպությունները՝ իրենց առջև դրած խնդրի լուծմանը: Ուրախ եմ արձանագրել, որ մետաղական վագոնն իր անհարմարությամբ այլևս չի ճնշելու արդեն նախկին բնակիչներին: Ավելին, ծառայելու է էական նպատակի՝ այգեգործությամբ զբաղվող ընտանիքի համար: Ուզում եմ հավատալ նաև, որ նոր ու լուսավոր տան մեջ այս ընտանիքը միայն անհոգ օրեր է անցկացնելու»,-ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Մեր կազմակերպությունը Վիվա-ՄՏՍ-ի հետ համատեղ արդեն բազում տարիներ աջակցում է ընտանիքներին հաղթահարել աղքատությունը և դուրս գալ դժվարին սոցիալական պայմաններից։ Ճգնաժամը հաղթահարելու համար էական է, որ ընտանիքն ունենա սեփական՝ արժանավայել պայմաններով ապահովված բնակարան։ Եդիգարյաններն արժանի էին ունենալու այդպիսի պայմաններ։ Ուրախ եմ նրանց ընտանիքի համար», – ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *