Թոմն ու Ջերին 80 տարեկան են

Հանրահայտ «Թոմը եւ Ջերին» մուլտֆիլմն արդեն ութսուն տարեկան է: Կատվի ու չարաճճի մկան մասին պատմությունները նայել ու դեռ շարունակում են նայել միլիոնավոր երեխաներ: Այն սիրվել ու ճանաչվել է, արժանացել «Օսկարի» ու քննադատությունների:

Ամեն ինչ սկսվել է 1930-ականների վերջին: Metro-Goldwyn-Mayer ընկերությունը դժվար առաջադրանք է տվել երիտասարդ ռեժիսորներ Ուիլիամ Հանային եւ Ջոզեֆ Բարբերային: Նրանք պետք է ստեղծեին այնպիսի սյուժե, որը կմրցակցեր «Միկի Մաուսի» (The Walt Disney) եւ «Բագզ Բանիի» (The Warner Bros.) հետ:

Սկզբում Բարբերան առաջարկել է աղվեսի ու շան պայքար, բայց հետո հեղինակները կանգ են առել կատվի եւ մկան տարբերակի վրա: Ընկերության ղեկավարներն այնքան էլ ոգեւորված չեն եղել այդ գաղափարով, բայց մեկ սերիա թողարկելու համաձայնություն են տվել:

Ջոզեֆ Բարբերան եւ Ուիլիամ Հանան

Պրեմիերան կայացել է 1940 թ. փետրվարի տասին: Դրանից հետո ռեժիսորներն սկսել են զբաղվել ուրիշ նախագծերով: Աշխատանքները վերսկսել են այն բանից հետո, երբ կինոթատրոններից մեկի տնօրենը նամակ է ուղարկել՝ հարցնելով, թե երբ է լինելու շարունակությունը: Մինչեւ 1954 թվականին ռեժիսորները հարյուր տասը սերիա են թողարկել:

Սկզբում կատվի անունը եղել է Ջասպեր, իսկ մկանը Ջինքս, բայց կասկածներ են առաջացել, ու հեղինակները որոշել են փոխել դրանք: Մրցույթ է հայտարարվել: Այն հաղթել է Ջոն Քարը, որն առաջարկել է Թոմ եւ Ջերի տարբերակները:

Մի կողմից մուլտֆիլմը սիրվել ու մրցանակների է արժանացել: Մինչեւ 1958 թ. այն յոթ անգամ «Օսկար» է ստացել «Լավագույն անիմացիոն կարճամետրաժ» ֆիլմ անվանակարգում: Մյուս կողմից նաեւ քննադատություններ են եղել: Պատճառներից մեկը տանտիրուհու՝ սեւամորթ գեր կնոջ կերպարն է: Ոմանց կարծիքով՝ դա ռասսայական խտրականության դրսեւորում է եղել: Հետեւաբար հեռուստատեսությամբ ցուցադրելիս սեւամորթ տանտիրուհուն երբեմն փոխարինել է սպիտակամորթ գեր իռլանդացի կին:

Բացի այդ՝ մշտապես տեսակետներ են եղել, որ մուլտֆիլմը կարող է բացասական ազդեցություն ունենալ երեխաների հոգեբանության վրա: Այս կարծիքի հետ ոչ բոլոր հոգեբաններն են համաձայն: Կան տեսակետներ, որ այդ մտավախությունները հիմնավորված չեն: Մասնագետներ կան, որոնք ընդգծում են, որ երեխաները շատ արագ հասկանում են, որ այն, ինչ ցուցադրվում է, իրական չէ եւ իրականության մեջ պարզապես հնարավոր չէ:

Առաջիկայում սպասվում է այս կերպարների մասին պատմող արդեն լիամետրաժ ֆիլմ: Այն նախաձեռնել է Warner Bros. ընկերությունը: Պրեմիերան նախատեսվում է 2020 թվականին:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *