Մինչեւ բոլոր ընկերություններին չես տուգանում, վարչական ակտ չես կիրառում, շատ քչերն են վերացնում խախտումները. Շախբազյան

Շիրակի մարզում գտնվող «Ալեքս հոլդինգ» ՍՊԸ շաքարի գործարանում, «Լենտեքս» ընկերության վարչական շենքում ու «Սիփիես Օիլ» ընկերության նավթամթերքի պահեստում Քաղաքաշինության տեխնիկական ու հրդեհային անվտանգության տեսչական մարմինը խախտումներ է գտել:

Ընկերության պաշտոնատար անձանց տրվել են կարգադրագրեր՝ թերությունների վերացման նպատակով: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց Տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը:

Նա մեր զրույցում մանրամասնեց՝ «Ալեքս հոլդինգ» ընկերության վարչական մասնաշենքի մուտքի դռները բացվում էին դեպի ներս, բայց մինչ ստուգման գործընթացի ավարտը դռների բացման ուղղությունը ձեւափոխվեց ելքի ուղղությամբ։

Գործարանն ամբողջությամբ համալրված չէ հրդեհի ազդարարման ինքնաշխատ համակարգով, այն առկա է միայն հումքի պահեստում։ «Լենտեքսի» վարչական շենքը, արտադրամասը ուա պահեստները չունեն հրդեհի ազդարարման ինքնաշխատ համակարգ, արտադրամասը սարքավորված չէ ներքին հակահրդեհային ջրացանցով՝ հրշեջ ներքին ծորակներով։ Իսկ «Սիփիես Օիլ» ընկերության նավթամթերքի պահեստում՝ նավթամթերքի տարաներից չի պահպանվում հարեւանությամբ գտնվող բնակելի տներից հակահրդեհային միջտարածությունը:

«Հայկական ժամանակ»-ը տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի հետ զրուցել է թե՛ այս, եւ թե՛ տեսչական մարմնի ուրիշ ստուգումների վերաբերյալ։

— Պարոն Շախբազյան, «Ալեքս հոլդինգ»-ում, «Լենտեքս»-ում եւ «Սիփիես Օիլ»-ում հայտնաբերված խախտումների համար տուգանք նշանակվե՞լ է:

— Վարույթ է անցկացվում: Նաեւ տուգանք է կիրառվում, սակայն հրդեհային անվտանգության առումով տուգանքը շատ քիչ է՝ հիսուն հազար դրամ է առավելագույն չափը: Վարչական ակտը կարող է ավարտվել կարգադրագրով՝ ինչպես այս դեպքում: Կարգադրագիր տալիս ենք, որ սահմանված ժամկետում վերացնեն խնդիրները, իսկ դա չկատարելը արդեն նոր վարչական ակտի կհանգեցնի:

— Միայն այս երեք ընկերություններո՞ւմ են ստուգումներ անցկացվել:

— Մենք ստուգումներն իրականացնում ենք ցանկով: Եռամսյակային կտրվածքով բաշխում եւ ստուգում ենք: Որտեղ խախտում չի հայտնաբերվում, բնականաբար հրապարակում չենք անում: Ցանկը որոշվել է ստուգումների կազմակերպման անցկացման օրենքով՝ ըստ ռիսկայնության: Մենք հիմնվել ենք նախորդ տարիների ունեցած ինֆորմացիայի հիման վրա:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *