«Չգիտեմ մեկ միլիոնը , ես մեկ հայ ունեի…Նա մի հայ աղջիկ էր . . .»․ Թուրք գրողի անչափ հուզիչ հոդվածը

«Ermenihaber.am»-ը ներկայացնում է թուրք հայտնի լրագրող, գրող Բեքիր Ջոշքունի ցեաղսպանության թեմայով՝ «Իմ հայը» վերնագրով հոդվածը: Հոդվածում հեղինակը պատմում է իր խորթ տատիկի մասին, որի հայ լինելու վերաբերյալ իմացել է մեծանալուց հետո միայն:

«Ես տեղեկություն չունեմ այն մասին, թե ինչ եղան մեկ միլիոն հայերը… Ես ընդամենը 1 հայ ունեի… Մորս կյանքի ավարտից հետո հայրս, ով պետական ծառայող էր, ինձ ու քրոջս տարավ մորական տատիս մոտ: Տատիկս մեզ դիմավորեց Ուրֆայից ոչ հեռու Թուլմենի այգիների մեջ գտնվող մեծ տանը:

Մանկությանս շատ հիշողություններ մոռացվել են արդեն, բայց մեր հանդեպ ունեցած նրա գորովալից վերաբերմունքը լավ եմ հիշում: Տատիս նման չէր այդ մեծ տանն ապրող մորաքույրերիս ու մնացած կանանց. բարձրահասակ էր, նրբակազմ, շիկահեր ու կապուտաչյա: Անունը Ումմուհան էր:

Ամբողջ ընտանիքն առանձնահատուկ հարգանք ու սեր էր տածում նրա հանդեպ: Միշտ խորհուրդ էին հարցնում նրանից, հաշվի առնում նրա կարծիքը: Հատկապես աչքի էր զարնում խստաբարո հորս` նրա նկատմամբ ունեցած հարգանքն ու վստահությունը: Մենք հասակ առանք: Մեծացանք ու հետո իմացանք, որ նա մեր իսկական տատիկը չէր, որ նա եկել էր մեր հարազատ տատիկի կյանքից հեռանալուց հետո:

Նա մի հայ աղջիկ էր . . . Պապս նրան վերցրել էր Եփրատի ավազանից Սիրիա ուղարկվող (բռնի գաղթեցվող) և տարբեր տեղերում ոչնչացվող հայերի քարավանի միջից ու ամուսնացել հետը: Պապս, մորաքույրերս, հարսները, կարճ ասած` բոլորը սիրել էին նրան: Նա տան մեծն էր համարվում:

Տեսնում էի, թե ինչպես էին ժամանակ առ ժամանակ խոնավանում այդ գեղեցիկ ու միշտ ուղիղ կեցվածք ունեցող կնոջ աչքերը, երբ սիրում էր ինձ ու փոքր քրոջս, նրա դեմքին նշմարում էի այն վիրավորանքը, որը երբեք էլ չէր կարողանում մինչև վերջ թաքցնել… Սա է իմ հայկական հարցը: Չգիտեմ, թե հայերին ինչ են արել, թե արդեն ինչ իմաստ ունի այս վեճը, թե որտեղ է գտնվում ճշմարտությունը: Բայց կցանկանայի իմանալ, թե ով է տատիկիս պոկել իր հայրենիքից ու իր տնից այն ժամանակ, երբ նա դեռատի օրիորդ էր…

Կուզեի հաշիվ պահանջել այն տառապանքի համար, որը նա ստիպված է եղել թաքցնել, այն կարոտի համար, որը նա չէր ցանկանում ցուցադրել, այն արցունքների համար, որոնք նա գուցե ամեն գիշեր թափում էր մեզանից թաքուն: Կուզեի իմանալ, թե ովքեր են նրան դատապարտել այդ անվերջ աքսորին…

Մեկ միլիոնը չգիտեմ, ես մեկ հայ ունեի… Իմ շատ սիրած այն թախծալի կինը…» Այս էր իմ պատմությունը… Չեք կարող պատկերացնել, թե հրապարակելուց հետո որքան հայհոյանքների եմ արժանացել, որոնք հնչում էին այսպես`«Հայի ցեղ, «Հայի վիժվածք»: Սակայն ինչպե՞ս կարող ես 1915-ը պատմել աշխարհին մի գլխով, որը չի կարողանում հասկանալ թերթում հրապարակված հոդվածն ու դրա մեջ եղած մարդկային զգացմունքները:

Եղբայր, այնքան շատ է տգիտությունդ, որ… Բեքիր Ջոշքուն, 23 Ապրիլ 2015թ, «Sozcu».

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *