Որդի ջան, ում շատ է տրված, նրանից շատ էլ պահանջվում է․․․ Ալեքսանդր Սայադյանի ցնցող գրառումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին

Ալեքսանդր Սայադյանը իր ֆեսբուքյան էջում գրառում է կատարել.

ԵՐԿՈւ ԽՈՍՔ… Այսօր հունիսի մեկն է, երեխաների պաշտպանության միջազգային օրը։ Աստծո աջը թող հովանի ու պահապան լինի բոլոր երեխաներին։ Այս օրը նաև մեր երկրի վարչապետի ծննդյան օրն է և ֆեյսբուքյան հարթակը լի է նրան ուղղված շնորհավորանքներով ու մաղթանքներով։

Հետաքրքիրն այն է, որ առաջին շնորհավորանքը աչքովս ընկավ արդեն կեսգիշերից տասը րոպե անց։ Թվում է, թե ի՜նչ մի արտառոց բան է։ Այո, սակայն արտառոց չէր լինի, եթե չվերաբերեր վարչապետին ու շնորհավորողն էլ չլիներ մի շարքային քաղաքացի, որ չէր համբերել, սպասել էր կեսգիշերին, երբ օրը կփոխվի ու անմիջապես շնորհավորել էր։

Շատ կարճ, մի քանի բառով, սակայն նաև շատ մեծ սիրով եւ անկեղծությամբ։ Մտածեցի` լավ, ես էլ առավոտյան կշնորհավորեմ։ Իսկ առավոտյան պարզվեց, որ ուշացել եմ, քանի որ հանդիպեցի մերօրյա շնորհաշատ արձակագիր, իմ ֆեյսբուքյան ընկեր Մելանյա Պետրոսյանցի շնորհավորական խոսքին, որում նա ասել էր այն, ինչ մինչև քնելս ես էի մտմտացել։ Ինչպես ընկերս է սիրում ասել` ստորագրում եմ յուրաքանչյուր բառի եւ տառի տակ։ Բայց և այնպես, մի երկու խոսք էլ ես ասեմ։

Ընդ որում, խոսքս չի լինելու ավագ ընկերոջ, բարեկամի, գործընկերոջ կողմից և ոչ էլ դիմելու եմ «վարչապետ ջան»-ով։ Նիկոլ ջան, տիկին Մելանյան իր մայրական խոսքը ասելով, քեզ դիմել է «որդի»-ով, որով շատ էր հուզել մարդկանց, որոնք նույնպես միացել են մաղթանքներին։ Թույլ տուր ես էլ, որպես տարիքով քեզնից մեծ երկու դուստրերի տեր մարդ, քեզ շնորհավորեմ հոր, հորեղբոր նման։

Որդի ջան, իմ գերդաստանի բոլոր տղամարդկանց` ամեն մեկին իր ժամանակին բանակ ճանապարհելիս, միշտ պատգամել եւ մի խնդրանք եմ ունեցել` տղերք այնպես կծառայեք, որ հանկարծ մեր ազգանվան վրա բիծ չթողնեք և, փառք Աստծո, այդպես էլ ծառայել են։ Հիմա դու այն զավակն ես, որին մի ողջ ժողովուրդ երկու տարի առաջ կանչել է ծառայության և քեզնից ակնկալիքներ ունի։

Այս երկու խոսքս չեմ ուզում պղծել այլ անուններով, ես էլ, դու էլ, բոլորն էլ դրանց շատ լավ գիտենք։ Ասելիքս, հորդորս, խնդրանքս, մաղթանքս և, վերջապես, պահանջս է` հանկարծ այնպես չանես, որ քո ազգանունն էլ մարդիկ նշեն վարկաբեկվածներին հիշելիս։ Որդի ջան, ում շատ է տրված, նրանից շատ էլ պահանջվում է։

Մի ողջ ժողովուրդ, բացառությամբ մերժվածների և իրենց սազանդարների, վստահել ու հավատացել է քեզ, հուսախաբ չանես։ Գիտեմ, բեռդ ծանր է, սակայն գիտեմ նաև, որ երբեմն դժգոհելով, երբեմն բողոքելով, երբեմն հիասթափվելով, բայց և այնպես մի ամբողջ ժողովուրդ միշտ կանգնած է թիկունքիդ ու պատրաստ է կիսել բեռդ, գնալ քեզ հետ մինչև վերջ։ Շնորհավոր ծնունդդ, Աստծո ու ժողովրդի օրհնանքը թող միշտ քեզ հետ լինեն և Աջը` պահապան։ Կամքի ուժ եւ հաջողություն քեզ և առողջություն ու շուտափույթ ապաքինում քեզ ու ընտանիքիդ։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *