45-ը արդեն եքյա տարիք է, համարյա բիձու…Աշոտյանի սկանդալային շնորհավորանքը Փաշինյանին..

Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Հարգելի Նիկոլ, Այսօր, քո քառասունհինգ ամյակի օրն, ցանկանում եմ շնորհավորել քեզ եւ օգտվել առիթից պարզ մարդկային լեզվով փոխանցելու քեզ իմ մտորումները։ Համոզված եմ, որ դու էլ շատերիս պես երիտասարդ տարիներին մտածում էիր, որ «45-ը արդեն եքյա տարիք է, համարյա բիձու»։

Հիմա ինքդ ես 45 դարձել, իսկ երկու ամսից էլ՝ ես։ Ուստի որպես տարեկից «բիձաներ» արդար խոսենք իրար հետ։ 45-ը այն տարիքն է, որն ենթադրում է արդեն՝ փորձի ու դեռեւս ՝ էներգիայի ներկայության կյանքում քարը քարին դնելու, մի բան ստեղծելու ու աննշան տեղն անծայրածիր տիեզերքում գիտակցելու համար։ Խոստովանեմ, որ դու շարքային աչքերով հասել ես լավ բարձունքի (քանզի օրը քեզ համար տոնական է, վճարված գնի մասին այժմ շատ չեմ խոսի)։

Ամուսնացած ես, ունես քեզ սիրող կին, չորս երեխա, որինցից երկուսն այն տարիքի են, որ քեզ շուտով կարող են պապի դարձնել։ Աստված պահի բալեքիդ։ Հա, մի զարմացիր, քանի որ ես քո երեխաների դեմ ոչինչ չեմ ունեցել ու չունեմ՝ թեպետ քո հովանավորյալները և մտերիմները քո իմացությամբ եւ հրահանգով լուտանք և անեծք են արտազատում իմ ընտանիքի ու երեխաներիս հասցեին։ Սակայն դրա պատասխանը շուտով տալու ես անձամբ դու, եւ ոչ թե քո երեխաները։

Վարչապետ ես, այն էլ ու՜՜՜մ վարչապետը՝ հին, պինդ, կենցաղում՝ խորամանկ, իսկ կյանքում՝ միամիտ, ուժեղ ու պահանջկոտ մի ազգը, ում երկու տարի առաջ քեզանով արեցիր և ուղղակի Նիկոլից դարձար Նիկոլ-վարչապետ։ Այսօր, ծննդյանդ օրը, փորձիր հասկանալ, որ քո պատմական առաքելությունը մեր երկրի համար դու արդեն կատարել ես։

Դու օրեցօր նոսրացող սիրողներիդ համար դարձել ես կուռք, իսկ երկրաչափական պրոգրեսիայով ավելացող չսիրողներիդ համար՝ ինչպիսին չպիտի լինի պետության ղեկավարը հարցի կենդանի պատասխան։ Դու թարմություն և իդեալիզմ խոստացար, սակայն զարկ տվեցիր մարդկային ամենաստոր ինստինկտներին, իշխանափոխության օրերի գունազարդ պատկերները վերածեցիր սեւ-սպիտակ կոմիքսների։

Դու ազգին ժպիտ խոստացար, սակայն հայրենակիցներիս դեմքին դաջվեցին հերթական խորը կնճիռները և մարդկանց լիահույս հայացքները կրկին խամրեցին հուսահատությունից ու հիասթափությունից։ Դու ուժեղ Հայաստան խոստացար, սակայն վերելակներում, սեղանների շուրջ ու պաշտոնական այցերին գուլպա-պաչիկ-սելֆիների արանքում հյուծեցիր պետության արտաքին քաղաքական կշիռը։

Դու, կոռուպցիայի դեմ իբր խաչակրաց արշավ հայտարարածդ, հիմա մինչեւ ականջներդ թաղվել ես շրջապատիդ, թիմակիցներիդ ու քո շուրջ համառորեն պտտվող կոռուպցիոն սկանդալների մեջ։ Այսօր շրջապատդ քեզ կգովա, կենացներ կասի, հաճոյախոսողների ավանդական տեղավորման տարածքում Միգուցե խցանումներ գոյանան, միգուցե մի քանի ցածրաճաշակ աքրոստիքոս կամ ոտանավոր կնվիրեն, սակայն չհավատաս, քանզի մենք երկուսս էլ լավ գիտենք այդ ամենի դատարկությունը։

Եւ եթե ես ընկերներ ունեցել եմ եւ ունեմ անկախ իմ զբաղեցրած պաշտոնից, ուրեմն դու մենակ ես, նույնիսկ եւ հատկապես քո կառավարական օլիմպոսին։ քանի որ եթե մինչեւ վարչապետ դառնալդ ընկերներ գրեթե չես ունեցել, ուրեմն հիմա առավել եւս չես ունենա։ Իսկ երբ դու կգլորվես քաղաքական օլիմպոսից դեպի զայրացած զանգվածների՝ քեզ հոշոտելու պատրաստ ձեռքերը ու շրջապատդ առաջինը դաշույններ կմխրճի քո մեջ, դու դառնացած կմտածես. եւ դու՞ք, բռուտոսներ…

Սակայն անգամ այդ պահին ինքդ քեզ խաբելու ես, քանզի ինչ-որ մեկին Բռուտոս կոչելու համար նախ ինքդ պիտի Կեսար լինես։ Իսկ դե դու Կեսար չես։ Գոնե այն պատճառով, որ Կեսարը սիրում էր Բռուտոսին, իսկ դու քո բռուտոսներից, ինչպես նաեւ պողոսներից, նողկանք ես ապրում։ Այսօր մի լավ քեֆ էլ անել չես կարող, քանի որ վախենալու ես սովից և վիրուսից ճկռված ժողովրդի աչքերին արտահոսելու ենթակա գինարբուքային կադրերից։

Ու հետո, ի՞նչ քեֆ, երբ առավոտյան կիմանանք քո ապիկար եւ անլուրջ ղեկավարման հետևանքով երկրում մոլեգնող վարակի հարյուրավոր նոր դեպքերի ու (լեզուս պապաձվի) նոր կյանքից հեռացման դեպքերի մասին։ Ի՞նչ սրտով ես կարողանալու ժպտալ, ուրախանալ, պարել, եթե հասկանաս, որ Նիկոլ-վարչապետից դարձել ես Նիկոլ-վիրուսապետ։ Դու արդեն վախենում ես ամեն ինչից, ու մասնավորապես՝ իշխանության կորստից։ Վախենում ես, ուստի այլեւս թույլ ես։

Իրականում այսօր ազգից նվերներ չսպասես։ Ժողովուրդը քեզ երկու տարի առաջ նվիրեց վարչապետի պաշտոնը։ Այսօրվանից ժողովրդին նվեր մատուցելու քո հերթն է. գնա, ինքնակամ ու խիզախաբար։ Դա է վախերդ հաղթահարելու արմատական, սակայն միակ ուղին։ Դա է ամենալավ նվերը, որ կարող ես մատուցել ինքդ քեզ։ Դա է դառնալու քո քաղաքական ժառանգության կրեդիտը։

Քաղաքացիների դեմքին կնճիռների վերածված երբեմնի հույսերը չդարձնես Հայրենիքի մարմնին արտահերթ թարախակալող եւ գարշահոտ վերքեր։ Լավ, տրամադրությունդ շատ չգցեմ։ Մտածիր ասածներիս մասին։ Դարձյալ շնորհավորում եմ, մաղթում իմաստնություն, առողջություն ո հոժարակամ պաշտոնանկությունից այնուհետև խաղաղ կյանք՝ ընտանիքիդ հետ համատեղ։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *